«Ոչ»-ի շտաբը վաղը՝ դեկտեմբերի 12-ին, ընտրատեղմասերում արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ հարյուրավոր նյութեր, որոնք պարունակում են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ներկայացնելու է գլխավոր դատախազություն։ Այսօր դիմել են Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով՝ հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
Նշենք, որ այս նյութերի մեջ ներառված են Մալաթիա-Սեբաստիա համայնքի 6/22 (105 ավագ դպրոց) ընտրատեղամասի խախտումների վերաբերյալ նաեւ NEWS.am-ի հրապարակումները։
Այս ընտրատեղամասում արձանագրվել են մի շարք խախտումներ։
Նախ՝ վաղ առավոտյան քվեարկությունից մոտ մեկ ժամ անց սպառնալիքների ճնշման ներքո ընտրատեղամասը լքեց ՀԱԿ-ի վստահված անձ Ալվինա Սարգսյանը, ապա մթնոլորտը շիկացավ, մասնավորապես քվեարկության ավարտից հետո, երբ փակվեցին դռները։ Մինչ քվեաթերթիկների հաշվարկը հանձնաժողովը առաջարկեց գնալ ճաշելու, ինչին ընդդիմացավ ՀԱԿ ներկայացուցիչը՝ հանձնաժողովի քարտուղար Կարինե Հարությունյանը` հիշեցնելով օրենքը, ըստ որի արգելվում է հաշվարկը ընդհատել։
Քվեաթերթիկների հաշվարկից րոպեներ անց, երբ բացվող ծրարներում գերակշռում էր «ոչ»-ը, հանկարծ հանձնաժողովի ԸԸՀ ներկայացուցիչ Ռազմիկ Իսախանյանի «ինքնազգացողությունը վատացավ»։ Գոռացին՝ «շաքարն է բարձրացել, 22-ի է հասել»։ Հանձնաժողովի անդամները, այդ թվում ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Հակոբյանը տեղից թռավ ու նետվեց Իսախանյանին փրկելու։ Այս ընթացքում նա փորձեց ոտքով հրել տուփը, բայց քվեատուփը բռնեց «Ժառանգության» վստահված անձը՝ Արտաշ Պողոսյանը։ Հանձնաժողովի անդամները ճչալով (բացի ՀԱԿ եւ Ժառանգության ներկայացուցիչներից) շրջապատեցին Ռազմիկին՝ հնարավոր միջոցներով նրան ուշքի բերելու համար, մասնավորապես ՕԵԿ ներկայացուցիչ Հասմիկ Առաքելյանն մատներն առանց խնայելու մտցրեց Իսախանյանի կոկորդը։ Այս գործընթացի թեժ փուլում հատակին՝ քվետաուփի մոտ հայտնվեցին ծրարներ, թեեւ քվեատուփը չէր շրջվել։ Սա նկատելով՝ սկսեցինք տեսանկարահանել, ինչը սկզբում փորձեցին արգելել հանձնաժողովի ներկայացուցիչները՝ նախատելով, թե «վատացած մարդուն մի նկարեք»։
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հակոբյանը այդ խառնաշփոթի ժամանակ փորձեց ծրարները լցնել քվեատուփի մեջ, ինչն արգելեց Կարինե Հարությունյանը՝ կասկած հայտնելով դրանց գետնին հայտնվելու կապակցությամբ։ Երկարատեւ բանավեճից հետո որոշվեց առանձնացված ծրարների կույտին անդրադառնալ քվեատուփի ծրարների հաշվարկից հետո։ Այս ընթացքում շտապօգնությունը Իսախանյանին նախ մի դասասենյակում օգնություն ցուցաբերեց, ապա տեղափոխեց տուն, մոտ մեկ ժամ անց՝ հաշվարկի ընթացքում Կարինե Հարությունյանի հորդորով հանձնաժողովի նախագահը զանգահարեց Իսախանյանի որպիսությունը հարցնելու, նա անձամբ պատասխանեց հեռախոսազանգին՝ հավատացնելով, որ լավ է։
Քվեաթերթիկների հաշվարկը շարունակվեց, ինչի ընթացքում չարձանագրվեց դեպք, որ, օրինակ, մի քանի տասնյակ «ոչ»-ի կամ «այո»-ի ծրարներ բացվեին իրար հետեւից։ Մի քանի «ոչ»-ից հետո բացվում էր առնվազն մեկ «այո», կամ՝ հակառակը։
Պարզվեց՝ քվեատուփում առկա 726 քվեաթերթիկից 421–ը «ոչ» է, իսկ 252-ը՝ «այո», 53` անվավեր։ Երբ անցում կատարվեց գետնին հայտնված 98 ծրարին, միայն «այո»-ներ էին, ինչը ամրապնդեց Կարինե Հարությունյանի կասկածները։ Վերջինս դա նորմալ չհամարելով՝ կրկին դադարեցրեց հաշվարկը։ Պահանջեց անվավեր ճանաչել այդ քվեաթերթիկները։ Տեղամաս եկավ ԿԸՀ ներկայացուցիչը եւ հանձնաժողովի անդամների հետ միասին պահանջեցին, որ ավարտեն հաշվարկը։ Պարզվեց՝ գետնին հայտնված 98 ծրարում բացառապես «այո» էր։ Կարինե Հարությունյանը պնդեց, թե Ռազմիկ Իսախանյանի ուշաթափությունը բեմադրված էր։ Ըստ սցենարի՝ պետք է այդ խառնաշփոթի ժամանակ լցոնում կատարեին։
Գետնին հայտնված «այո»-ն թեեւ ավելացրեցին առկա քվեաթերթիկների վրա, սակայն «ոչ»-ը հաղթեց։ Վերջնական արդյունքով արձանագրվեց 421 «ոչ», 350 «այո»։
Նշենք, որ հանձնաժողովի անդամներն էին՝ ՀՀԿ-ից Գագիկ Հակոբյանը, ՀՅԴ-ից Գեղամ Հանեյանը, ԸԸՀ-ից Ռազմիկ Իսախանյանը, ՕԵԿ-ից Հասմիկ Առաքելյանը, «Ժառանգություն»-ից Սուրեն Պետրոսյանը, ԲՀԿ-ից Ժորա Մացակյանը, ԸԸՀ-ից Նարինե Միլիտոնյանը։ Ողջ ընթացքում ընտրությանը հետեւում էր 105 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Սողոյանը։ «Ժառանգության» վստահված անձն էր Արտաշ Պողոսյանը։











