Մոսկվայի դպրոցներից մեկում, որտեղ մահացել էր 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը, ողբերգության համար պատասխանատվություն են կրում թե’ իշխանության մարմինները, թե’ մանկավարժական կոլեկտիվը, թե’ մարդիկ, որ այդ պահին այնտեղ են եղել: Այդ մասին հայտարարել է Պետդումայի ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Նատալյա Կարպովիչը, հավելելով, որ «Եդինայա Ռոսիան» արդեն մեկ անգամ ասել է, որ անհրաժեշտ է բարձրացնել մանկավարժների պատասխանատվությունը:
«Ուսուցիչները պետք է իմանան իրենց աշակերտների մասին: Այսօր մենք տեսնում ենք դեռահասության դաժանության դրսեւորումը, որի պատճառները պետք է քննել, հանրությանը ներգրավել այդ հարցում: Նման սարսափելի ավարտով ընդհարումներ չպետք է կրկնվեն: Ողբերգության համար պատասխանատվություն են կրում թե իշխանության մարմինները, թե մանկավարժական կոլեկտիվը, թե մարդիկ, որ այդ պահին այնտեղ են եղել»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մոսկվայի թիվ 501 դպրոցում ծեծկռտուքի արդյունքում զոհվել էր 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցից ոչ հեռու: 11-րդ դասարանցու հետ կռվել է 9-րդ դասարանի մի աշակերտ: Վեճը վերածվել է ձեռնամարտի: Կռվի ժամանակ 9-րդ դասարանցին ուժեղ հրել է իր հակառակորդին: Վերջինս ընկել է եւ գլուխը հարվածել ծառին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ստացած վնասվածքներից հայ աշակերտը տեղում մահացել է: Մահացած անչափահասի դին տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության, որը պետք է պարզի մահվան պատճառը:
Դպրոցի տնօրենը, հրաժարվել է մեկնաբանություններ անել 17-ամյա Էդուարդ Մարկարյանի սպանության կապակցությամբ՝ խորհուրդ տալով դիմել իրավապահներին: Հայաստանի դեսպանությունը պարզում է Մարկարյանի քաղաքացիությունը:





























