Երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այս ուսումնական տարվանից ԵՊՀ հեռակա ուսուցման վարձավճարները բարձրացել են 20-100 հազար դրամով՝ կախված մասնագիտությունից: Իրավագիտությունն օրինակ 460 հազար դրամից դարձել է 560 հազար, կենսաբանությունը 180 հազարից՝ 200 հազար: Բուհի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը, մեկնաբանելով թանկացումները նշել է, որ այսպիսով առկա եւ հեռակա ուսուցման վարձավճարների չափերը հավասարեցվել են:

Նա նկատել է, որ թե՜ առկա եւ թե՜  հեռակա սովորող ուսանողները ստանում են միեւնույն մասնագիտությունը, եւ դիպլոմի մեջ չի շեշտվում, որ տվյալ ուսանողը հեռակա է սովորել: Սակայն մինչ այժմ հեռակա սովորողներն ավելի էժան են վճարել, թեեւ, կոպիտ ասած, ձեռք են բերել միեւնույն ապրանքը: Այժմ բուհի ղեկավարությունը որոշել է վերջ դնել այդ տարբերությանը: Ըստ թերթի՝ ուսման վարձը բարձրացել է նաեւ Ճարտարագիտական համալսարանում: Այստեղ Ինֆորմատիկայի ֆակուլտետի վարձը 315 հազարից դարձել է 330 հազար: Հեռակայի դեպքում ուսման վարձը բարձրացել է 5 տոկոսից քիչ: