Panasonic ընկերությունը ներկայացրել է մարգերից լոլիկի ավտոմատ հավաքման համար ռոբոտի նախատիպը: Ընկերությունը այս գյուտի մասին տեղեկացրել է մամուլի հաղորդագրության մեջ:  

Ռոբոտի աշխատանքում առաջատար դեր ունի նրա «աչքը»` փոքր տեսախցիկը, որն ի վիճակի է ճանաչել պտուղները: Բացի այդ, ռոբոտի սենսորը վերլուծում է պտուղներից յուրաքանչյուրի գույնը, որոշելով` արդյոք հասունացել է, թե դեռ ժամանակ է անհրաժեշտ: Եթե լոլիկը հասել է, ռոբոտը խնամքով պոկում է այն եւ ուղարկում կողով: Կողովի լցվածության աստիճանը ռոբոտը արձանագրում է հատուկ սենսորով, ինչից հետո այն փոխարինում է դատարկ կողովով, գրում է   Gazeta-ն:

Այս պահի դրությամբ Panasonic-ի ռոբոտն ի վիճակի է 20 վայրկյանում մեկ պտուղ հավաքել, ընկերության ինժեներները նախատեսել են այդ ցուցանիշն իջեցնել մինչեւ  6 վայրկյան: Ընկերությունը համարում է, որ իրենց գյուտը կարող է լայն կիրառություն ստանալ գյուղատնտեսության մեջ: Առայժմ նախատիպը լրամշակվում է. թողարկման ժամկետը չի հաղորդվում: