Ազգային ժողովի մեկնարկելիք նստաշրջանում նախատեսվում են մի շարք կարեւոր օրինագծերի քննարկումներ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ , ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
Նա քննարկվելիք օրենքի նախագծերի շարքում առանձնացրեց հատկապես երեքը։ «ԱԺ նոր նստաշրջանում շրջանառության մեջ է դրվելու հանրապետության ողջ տարածքում աղբահանությունը կարգավորող օրենքի նոր նախագիծը։ Նախագծի առաջին ընթերցումից հետո նախատեսվում են խորհրդարանական լսումներ, որոնք միտված կլինեն ոլորտի խնդիրները կանոնակարգելուն»,- նշեց ՕԵԿ պատգամավորը՝ ավեացնելով, որ աղբահանության հետ կապված խնդիրներն առաջ են բերում երեւանցիների եւ ոչ միայն երեւանցիների արդարացի բողոքը։ «Հաջորդ կարեւորագույն խնդիրներից մեկը վերաբերում է դիակիզման եւ հուղարկավորության մասին օրինագծի լուրջ փոփոխություններին։ Այստեղ եւս տարբեր համայնքերից՝ եւ Երեւանից, եւ մարզերից արդարացի դժգոհություններ կան։ Գերեզմանատները, հաճախ սահմաններից դուրս գալով, հասնում են ճանապարհի բանուկ մասերին, 100 տարվա վաղեմության գերազմանոցներում վերահուղարկավորություններ են կատարվում եւ այլն»,- նկատեց Հովհաննես Մարգարյանը։
Որպես երրորդ առաջնահերթություն՝ նա նշեց տրանսպորտային միջոցների կայանատեղիների հարկային դաշտը կանոնակարգող օրինագծի քննարկումը։ «Ինչպես գիտեք, բոլորովին վերջերս այն ներառվեց որպես տեղական հարկ, բայց մոտեցումը եղավ այնպես, որ առանձին օրենքի նախագիծ ներկայացվի, որով այդ դաշտը պետք է կարգավորվի։ Ինչպես ամբողջ աշխարհում է, մեզ մոտ եւս պետք է ավտոկայանատեղիներ լինեն, հստակ կազմակերպություններ լինեն, այլ ոչ թե պատեհ-անպատեհ մի մարդ՝ ժապավենը թեւին 100-200 դրամ փողեր հավաքի մեր վարորդներից»,- ամփոփեց պատգամավորը։





























