Հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանը դիրքեր բարձրանալուց առաջ հեռախոսով զրուցել էր Ղազախստանում գտնվող մոր հետ` ասել, որ վերջին անգամ է դիրքեր բարձրանում եւ շուտով տուն կվերադառնա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Կարեն Գրիգորյանի հարազատներից մեկը: Հարեւանի խոսքով, Կարեն Գրիգորյանն ընկերուհի ուներ, սակայն դեռ չէր պատրաստվում ամուսնանալ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի Մարզի Մասիս քաղաքում դեկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել 20-ամյա Կարեն Գրիգորյանի հոգեհանգիստը, որին ներկա են եղել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:

Նշենք, որ Կարեն Գրիգորյանը բնակվում էր Մասիսիում` տատիկի ու պապիկի հետ, ավագ եղբայրն ու քույրը ծնողների հետ Ղազախստանում են բնակվում: Կարենը հունվարին պետք է զորացրվեր:

Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին` Մասիսի գերեզմանատանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նա ցուցաբերած արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: