Բոլորս գիտենք, որ Հայաստանն, իհարկե ոչ թղթի վրա, սակայն իրականում ճանաչել է ԼՂՀ-ն. ՕԵԿ-ն էլ իր հերթին անելու է ամեն բան ԼՂՀ միջազգային ճանաչմանը նպաստելու համար։ Սեպտեմբերրի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ , ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
Նրա խոսքով, «Ժառանգության» խմբակցության առաջարկած օրենքի նոր նախագիծը՝ Հայաստանի կողմից օրինականորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին, «բանակցային այս փուլում ժամանակավրեպ է»։
«Մեր խնդիրը նախեւառաջ պետք է լինի ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմանը, ապա դա ինքնանպատակ չի կարող լինել»,- նշեց Հովհաննես Մարգարյանը՝ միաժամանակ խուսափելով պարզաբանել, թե ինչպես է ՕԵԿ-ը քվեարկելու «Ժառանգության» կողմից շրջաառության մեջ դրված այդ օրինագծին։
ՕԵԿ պատգամավորը նաեւ ավելացրեց, որ իրենք ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում են բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման հարցին՝ Մարգարյանն ընդգծեց, որ այն մեզ համար ձեռնտու էր հատկապես այն դրույթով, որտեղ նշվում է, որ պայմանագրով ռուսական զորքերը, հայկական զինուժի հետ համատեղ, պարտավորվում են պաշտպանել Հայաստանի ողջ տարածքը:





























