ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս անհնար համարել միջազգային դատարանների վճիռների իրագործումը, եթե դրանք հակասում են Ռուսաստանի Սահմանադրությանը, տեղեկացնում  է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտնել էր, որ կարեւոր է համարում Սահմանադրական դատարանին հնարավորություն տալ որոշումներ ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության վերաբերյալ այն մասով, որը վերաբերում է ռուսական օրենսդրությանը: 

Օրենքի համաձայն, ՍԴ-ն կարող է Ռուսաստանի իշխանություններին հնարավորություն տալ հրաժարվելու ոչ միայն ՄԻԵԴ-ի այլեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ցանկացած միջպետական մարմնի վճռի իրագործումից: 

Միջազգային իրավունքի նկատմամբ ազգային իրավունքի գերակայության մասին բանավեճը սկսվել է ՅՈՒԿՈՍ-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռից հետո, որի հետեւանքով մեծ տուգանքների պատճառով արտասահմանում ռուսական ունեցվածքը կալանքի առնելու ռիսկեր առաջացան: