Տուլայում նոյեմբերի սկզբին Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից մեկը դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Երեւան: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ ուղեւորը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդն ապաքինվել է, այժմ մասնագետները քննարկում են նրա դուրս գրման հարցը:
Դուրս է գրվել նաև Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող երկու տուժածներից մեկը: Մյուսի առողջական վիճակում առկա է դրական շարժընթաց: Հիվանդը ստանում է դեղորայքային բուժում:
Հիշեցնենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանք նույնպես ապաքինման փուլում են:
Վթարից տուժած ՌԴ-ում գտնվող բոլոր հիվանդների բուժումը գտնվում է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո:




























