Որեւէ պետության պաշտոնյա իրավունք չունի տեսակետներ արտահայտել մեկ այլ երկրի ներքին անվտանգության խնդիրների վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունն այն մասին, ըստ որի Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետի երկարաձգումը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը:
«Կարծում եմ, որ նման հայտարարություններով չի կարող ամրապնդվել մեր երկու երկրների բարեկամությունը»,-նշեց Մինասյանը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն էլ ասաց, թե իրեն չի հետաքրքրում ոչ Վրաստանը, ոչ էլ այդ երկրի որեւէ պաշտոնյայի հայտարարությունը, հետեւապես չի մեկնաբանի Վրաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը:
Ինչ վերաբերում է ռազմակայանի ժամկետի երկարաձգմանը, ապա, ըստ Առաքելյանի, դա տեղի ունեցավ, քանի որ Հայաստանն այլընտրանք չուներ: «Հայաստանը չունի ինքնուրույն արտաքին քաղաքականույուն, որպեսզի ինչ-որ հարց լուծի: Այնպես որ, անիմաստ է խոսել, թե ինչու դա տեղի ունեցավ: Բայց որ Հայաստանին պատժելու են դրա համար՝ դա միանշանակ է»,-ասաց Առաքելյանը: Պատժողն, ըստ նրա, լինելու է Արեւմուտքը, իսկ պատժելու գործընթացը տեղի է ունենալու ԼՂ հարցի լուծման եւ Nabocco նախագծի տեսքով:
Նշենք, որ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի նշված հայտարարության վերաբերյալ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է. «Այդ կարծիքը մենք չենք կիսում: Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում»:





























