Ամենամյա DigiTec Expo 2010 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կարելի է համարել նաեւ հայկական ՏՏ ոլորտի հիմնական այցեքարտը, այս տարի եւս կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ հոկտեմբերի 29-31-ին։ Սա տարածաշրջանում խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսն է համարվում, թեեւ տարածաշրջանի մեր հարեւաններն առայժմ դրան մասնակցելու հայտեր չեն ներկայացնում։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասում է, որ մեր տարածաշրջանում հայտնի է նաեւ «ԲաքուԹել» ցուցահանդեսը, սակայն այն վերաբերում է բացառապես հեռահաղորդակցության ոլորտին։
Արդեն 6-րդ անգամ անցկացվող DigiTec ցուցահանդեսը նպաստում է օտարերկրյա հայտնի ընկերությունների Հայաստան մուտք գործելուն։ Ըստ Կ. Վարդանյանի՝ այս տարի DigiTec-ով Հայաստան կմտնի գերմանական «Կրոնե»-ն, նախորդ տարիներին այդ ճանապարհն են անցել ճապոնական «Միթսուբիշի էլեկտրոնիքս»-ը եւ ամերիկյան «Նեյշնլ Ինսթրումենթսը»։
Պետական բյուջեից DigiTec-ի անցկացման համար այս տարի տրամադրվել է 10 մլն դրամ (մոտ 27 հազ. դոլար), որը հիմնականում ծախսվելու է մարզահամերգային համալիրի տարածքների վարձակալման համար։ Կ. Վարդանյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ այդ գումարը 1/3-ով պակաս է նախորդ տարվա հատկացումից։ Դա, ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրենի, համահունչ է ոլորտի ֆինանսավորման քաղաքականությանը, որը նվազել է մոտ 3 անգամ՝ 200 մլն դրամից (550 հազ. դոլար) մինչեւ 80 մլն դրամ (220 հազ. դոլար)։
Այս պահին ցուցահանդեսին մասնակցելու հայտ են ներկայացրել 30 ընկերություններ։ Տաղավարների վարձակալման համար նրանք միջին հաշվով պետք է վճարեն 45-48 հազ. դրամ (120 դոլար)՝ յուրաքանչյուր քմ-ի համար։ Գումարը ներառում է նաեւ կահավորանքը եւ հարակից ծառայությունները (տարածքի մաքրում, անվտանգություն եւ այլն)։ Այն ընկերությունները, որոնք ցանկանում են ավելի քիչ վճարել՝ պետք է ավելի վաղ հայտ ներկայացնեն։
Ցուցահանդեսի պլատինե հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, գլխավոր հովանավորը՝ սինգապուրյան «Դ-Լինկ Ինտերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը։




























