Հայաստանի եւ Կորեայի համար փոխհարաբերությունների նոր շրջան է բացվում, ինչի արդյունքում պիտի զորանան նաեւ միջմշակութային ու միջկրոնական կապերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պակ Ռո Բյոկի (նստավայրը` Մոսկվա) հետ հանդիպման ժամանակ նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Կորեայի եկեղեցիների հետ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի համագործակցությանը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը վերհիշեց 2013 թ. Կորեայի Բուսան քաղաքում անցկացված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովին բերած իր մասնակցությունը եւ շփումը Կորեայում գործող Քրիստոնեական Եկեղեցիների հետ:

Իր հերթին Կորեայի դեսպանը վստահեցրեց, որ պաշտոնավարման ընթացքում կփորձի լավագույն կերպով նպաստել հայ-կորեական բարեկամական հարաբերությունների ընդլայնմանն ու արդյունավետ գործակցության ամրապնդմանը:

Վերջում Նորին Սրբությունը պրն. Պակ Ռո Բյոկի` Հայաստանում իրականացվելիք դիվանագիտական առաքելությանը բարի արդյունավորում մաղթեց:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: