Տուլայի մոտ նոյեմբերի 3-ին հայկական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից 49-ն արդեն ստացել են փոխհատուցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:

Ըստ նախարարության՝ ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը  ստանալու համար   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն դիմած 49 քաղաքացիների դրամական փոխհատուցումը դեկտեմբերի 4-ի դրությամբ փոխանցված է բանկային համապատասխան հաշվեհամարին և նրանք արդեն ստանում են իրենց հատկացված գումարը։

Այս պահի դրությամբ փոխհատուցում ստանալու համար  նախարարություն դիմումներ են ներկայացրել ևս 6-ը, որոնց գումարները դեկտեմբերի 16-ին արդեն կփոխանցվի բանկային հաշվեհամարին։

Նշենք, որ վթարից տուժած մյուս քաղաքացիները փոխհատուցումը կարող են ստանալ  դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնելուց անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին։ Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Վթարված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։