Սեպտեմբերի 8-ին Հայաստանի Զինված ուժերի 10 հոգանոց ռազմաբժշկական ստորաբաժանումը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից ԳհԽ շրջանակներում կազմակերպվող «Բժիշկ-2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով կմեկնի Բուդվա, Մոնտենեգրո:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամենամյա այս զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են 2004 թվականից: Զորավարժության հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների դեպքում բազմազգ փրկարարական առաքելությունների կազմում կամ միջազգային խաղաղապահ գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ եւ Գործընկեր երկրների ռազմական բժիշկ-մասնագետների եւ բժշկական ստորաբաժանումների գործելու հմտությունների զարգացումը: Ս.թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ ԶՈՒ կապի զորքերի 20 հոգանոց խումբը Գերմանիայում եւ Ռումինիայում համատեղ մասնակցում է կապի եւ հաղորդակցության համակարգերի կիրառման «Համատեղ ձգտում-2010» ամենամյա զորավարժությունը: Զորավարժությունն անցկացվում է ԳհԽ շրջանակներում՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանավորությամբ: Զորավարժության նախնական պլանավորման համաժողովը անցկացվել է Երեւանում այս տարվա հունվար ամսին: Սեպտեմբերի 4-17-ը Ուկրաինայի Լվով քաղաքի Յավորիվ ուսումնական կենտրոնում ԳհԽ շրջանակներում անցկացվում է ԱՄՆ - ուկրաինական համատեղ խաղաղապահ գործողությունների զորավարժությունը, որի հրամանատարաշտաբային մասին, ի թիվս այլ գործընկեր երկրների, մասնակցում է նաեւ Հայաստանը` շտաբային երկու սպաներով:





























