Եվրամիությունը ոչ մի տեղ չի գնացել, երբեք ամեն ինչ «չի թաղել». Հայաստանի հետ 3.5 տարվա բանակցությունները երկար ժամանակ են եւ մեծ փորձ: Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ քայլեր է արել: «Եվ բանակցությունները, որոնք դեկտեմբերի 7-ին սկսվել են Մոգերինիի եւ նախարար Նալբանդյանի միջեւ, նոր բան չեն: Դրանք Հայաստանի հետ մեր համագործակցության շարունակությունն են: Լիտվան միշտ Հայաստանի բարեկամն է եղել, միշտ եղել է Հայաստանի կողքին եւ աջակցում է «Արեւելյան գործընկերություն» ծրագրին ու շփման եզրեր գտնելու Հայաստանի որոշմանը: Դա ուղղակի մեր համագործակցության շարունակությունն է»,- ընդգծել է Էրիկաս Պետրիկասը:

Հարցին, թե ստորագրվելիք համաձայնագիրը լինելու է արդյոք միայն հռչակագրային, դեսպանն ընդգծել է. «Դա իրավաբանական փաստաթուղթ է լինելու: Այն արդեն կա: Մենք հեծանիվ չենք հայնտագործելու, մենք արդեն մանրամասն քննարկել ենք յուրաքանչյուր պարագրաֆ: Ձեզ համար շատ լավ է, որ Եվրամիությունը ձեր կողքին է, այն այստեղ է, ոչ մի տեղ չի գնում եւ օգնում է մեծ գումարներով, ուղղակի կտեսնենք, թե որ ոլորտներում»:

Ինչ վերաբերում է առաջիկա համաձայնագրի եւ ասոցացման համաձայնագրի տարբերություններին, Պետրիկասը նշեց, որ բանակցություններն ընդամենը սկսվել են, պետք է սպասել: «Ամեն բան գնում է ըստ պլանի եւ գրաֆիկի»,- ասել է նա:

NEWS.am –ի թղթակցի այն դիտարկմանը, թե կարող են արդյոք Ռուսաստանի կողմից ինչ-որ խոչընդոտներ լինել, դիվանագետը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ արգելքներ լինեն: Ժամանակը ցույց կտա»: