Այս տարվա դեկտեմբեր ամսին ԼՂ խնդրի շուրջ տեղի են ունենալու վտանգավոր զարգացումներ եւ հարցը միչեւ տարեվերջ հնարավոր է լուծում ստանա: Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը:
«Արեւմուտքը պարզ ասում է՝ այլեւս չեմ հանդուրժի ստատուս քվոն: Դեկտեմբեր ամսին, երբ Ղազախստանում տեղի կունենա ԵԱՀԿ գագաթնաժողովը, պետք է ներկայացվեն հարցի լուծման տարբերակները: Հանձնաժողովներ են գալու, որ ազատագրված տարածքներում սանտիմետրները ձեռքներն առած՝ չափ ու ձեւ անեն: 10-15 տարի նման բան չի եղել: Ես այստեղ մտավախություն ունեմ եւ տեսնում եմ, որ մարդիկ մեզ վերջնաժամկետ են ներկայացրել»,-հայտարարեց Առաքելյանը:
NEWS.am-ի հարցին, թե կողմերին վերջնաժամկետ ներկայացնելուն ի՞նչ գործողություններ կհաջորդեն, ՀՌԱԿ ատենապետն ասաց. «Շատ է խոսվել այդ մասին՝ տարածքների հանձնում 5, 7 շրջան, եւ ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին բարձրաձայնել: Բայց, որ մենք քնում, զարթնում ենք եւ մեր ԱԳՆ-ն մեզ սյուրպրիզներ է մատուցում, դրա համար վստահություն չկա մեր արտաքին գերատեսչության հակադիր քայլերի նկատմամբ»:
ՀՌԱԿ ատենապետի հետ բանավիճող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը չհամաձայնեց ասվածի հետ եւ նշեց, որ ԼՂ խնդրի լուծումը երկար գործընթաց է, եւ անհեթեթ է կարծել, որ այն լուծվելու է մինչեւ դեկտեմբեր: «Ներկայումս սեղանին դրված փաստաթղթերն այնքան հեռու են Ադրբեջանի ընկալումներից, որ այդպիսի արագ լուծում չի կարող տեղի ունենալ»,- հայտարարեց պատգամավորը: Ըստ նրա՝ արագ լուծում տեղի կունենա այն ժամանակ, «երբ ադրբեջանական իշխանությունները «կապիտուլացվեն ներկայացված փաստաթղթերի առաջ»: «Այնպես որ, մեզ սպասվում է երկարատեւ գործընթաց, ինչպիսին եղել է անցած տարիների ընթացքում: Պարզապես անհրաժեշտ է ավելացնել մեր հաջողությունները»,-հայտարարեց Մինասյանը:
Նա անդրադարձավ նաեւ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին եւ դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքին, նշելով, որ այդ արձագանքը անտրամաբանական է: «Այսպիսով փորձ է արվում հավասարության նշան դնել երկու երկրների միջեւ: Սա ուղղակի ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, իսկ պատճառն այն է, որ ադրբեջանական պրոբլեմներն այսօր այնքան շատ են, որ եթե մեկ-երկուսն ավելանա, ապա բացառված չէ, որ ադրբեջանական կողմը դուրս գա բանակցային գործընթացից»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:




























