Մի քանի ժամ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԼՂՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարսել Պետրոսյանը: Նա նշեց, որ այս պահին համանախագահները հանդիպում են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Թե մասնավորապես ի՞նչ հարցերն են քննարկվում կողմերի միջեւ, Պետրոսյանը դժվարացավ ասել: Նա նշեց, որ հանդիպմանը հաջորդելու է մամուլի ասուլիս, որի ընթացքում կողմերը գուցե մանրամասներ ներկայացեն հանդիպումից:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մինչ այդ մեկնել էին Բաքու` Ղարաբաղի հյուսիսում զորքերի շփման գծի գոտուց: Սեպտեմբերի 8-ի առավոտյան նրանք ժամանել են Բարդու: Հանդիպումից հետո ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե տարածաշրջանային այցի ավարտից հետո համապատասխան ամփոփիչ հայտարարություն կլինի:
Հավելենք, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին Ղարաբաղի հյուսիսում զինված ուժերի շփման գծում կայանալու է հերթական դիտարկումը: Նախատեսվում է, որ միջազգային միջնորդները կանցնեն շփման գիծը: Վաղը՝ սեպտեմբերի 9-ին, միջնորդները կժամանեն Երեւան:





























