Facebook ընկերությունը հայտնել է, որ իր քաղաքականության մեջ փոփոխություններ է մտցնում, որն ուղղված է այն բանին, որ օգտատերերը պրոֆիլում միայն իրենց իսկական անունը նշեն: 

Ավելի վաղ Facebook-ին էին դիմել մի շարք  խմբեր եւ ակտիվիստներ, որոնք ընկերությունից պահանջում էին մեղմել նրա խիստ քաղաքականությունը, որը պահանջում է միայն սեփական անունն օգտագործել: 

Ընկերությունը երեքշաբթի տեղեկացրել է, որ մտադիր է ստուգել նոր համակարգը, որի համաձայն օգտատերերը հատուկ հանգամանքների առկայության դեպքում կարող են դիմել կեղծանվան օգտագործմանը, տեղեկացնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես ճշտել են ընկերությունից, «իսկական անվան քաղաքականության» մեղմումը կապված է այն մարդկանց օգնելու ցանկության հետ, որոնք ծանր իրավիճակում են հայտնվել. օրինակ, ընտանեկան բռնության զոհերին կամ հասարակությունում ծաղրի, ծանակման եւ հալածանքի ենթարկվածներին: