2008 թ. ընդունված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նոր հայեցակարգով կանխատեսվում է, որ 2018 թ. Հայաստանում կգործեն մոտ 1000 տեխնոլոգիական ընկերություններ։ Սակայն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր` սեպտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց, որ զարգացման ներկայիս տեմպերով թիրախային այդ մակարդակին հասնել հնարավոր չէ։ Ճիշտ է՝ 2009-ին ոլորտում աճը կազմել է 17 տոկոս, սակայն ԻՏՁՄ ղեկավարն այն կարծիքին է, որ դա բավարար չէ ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու համար։
«ՏՏ ոլորտը ռիսկային է, նրանցից մեկ երրորդն է կենդանի մնում։ Տարեկան մեզ մոտ ստեղծվում է մոտ 30 նոր ՏՏ ընկերություն՝ 10 անգամ ավելի քիչ, քան անհրաժեշտ է»,- ասաց Կ. Վարդանյանը։ Նրա կարծիքով՝ հարկավոր է հատուկ քաղաքականություն մշակել, որը կխթանի երիտասարդ մասնագետներին՝ սեփական գործ սկսել։ Այդպիսի քաղաքականություն տարվել է, օրինակ, Սինգապուրում, որտեղ շրջանավարտների 60 տոկոսը որոշում է սեփական գործ սկսել, այնինչ մեկ տասնամյակ առաջ նման հակվածություն ուներ երիտասարդների 10 տոկոսը։
Նոր ստեղծված ձեռնարկություններին խրախուսելու համար DigiTec Expo 2010 ցուցահանդեսում նրանց արտոնյալ պայմաններում տաղավարներ կհատկացվեն։ Կ. Վարդանյանի տեղեկացմամբ՝ այսուհետ երեւանյան տեխնոլոգիական ցուցահանդեսները մեծ կարեւորություն կտան start up-ի գաղափարին։




























