Եվրամիությունը պատրաստվում է ինտերնետում տվյալների պաշտպանության միասնական չափանիշներ սահմանել. ԵՄ անդամ երկրների, Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները քառամյա բանակցություններից հետո փոխզիջման են եկել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ինչպես նշում է Deutsche Welle-ն, օգտատերերը հետագայում մասնավորապես Google-ում եւ Facebook-ում իրենց տվյալների վերահսկման ավելի մեծ հնարավորություններ կստանան։
Նոր կանոնները, որոնք եվրոպական լրատվամիջոցները որակել են որպես տարվա կարեոր օրենք, պետք է ուժի մեջ մտնեն 2017թ. սկզբին, գրում է The New York Times-ը։
Եթե ինտերնետ մատակարարները խախտեն այդ օրենքը, ապա կտուգանվեն աշխարհում իրենց տարեկան եկամուտի մինչեւ 4 տոկոսի չափով։ Խախտումների թվում է անձնական տվյալների ոչ արտոնագրված օգտագործումը։
Ընկերությունները պարտավոր են ազգային կարգավորողին տեղյակ պահել տվյալների արտահոսքի մասին 3 օրվա ընթացքում։
Մինչեւ 16 տարեկան երեխաներն ու դեռահասները պետք է ստանան ծնողների թույլտվությունը Facebook, Snapchat, Instagram եւ այլ սոցիալական ցանցերում գրանցվելու համար, եթե ԵՄ համապատասխան անդամ երկրներն այդ շեմը չիջեցնեն մինչեւ 13 տարեկան։




























