Թեեւ կառավարությունը Հայաստանում ցորենի արտադրության ընդլայնման ծրագիր է կազմել, ալյուրի արտադրությամբ եւ հացահատիկի ներկրմամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերության նախագահ Իվան Մոսոյանն ասում է, որ ցորենի տեղական արտադրությունն ապագա չունի։ «Մեր տեղական ցորենը որակապես բարձր չէ, գյուղացին մելիորացիայի խնդիր ունի, քիմիական միջոցներ չի կիրառում, սերմի որակը բարձր չէ։ Ցորենի բերքի մեջ ցորեն ենք փնտրում՝ այնքան խոտաբույսեր կան մեջը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ի. Մուսոյանը։

Նրա կարծիքով՝ այն հողերը, որ ցորենի տակ են դրվում, կարելի է օգտագործել այլ կուլտուրաներ մշակելու համար, որոնք մի քանի անգամ բարձր եկամտաբերություն ունեն։ «Չբեր կնոջը չես կարող ստիպել, որ երեխա բերի»,- հացահատիկի մշակությունը Հայաստանում այսպես բնութագրեց «Մանչո Գրուպի» նախագահը։