Օգոստոսի 26-ին Սեւան-Դիլիջան թունելում տեղի ունեցած ավտոբուսի հրդեհման արդյունքում վիրավորված Նունե Աղաբեկյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտահետազոտական կենտրոնի այրվածքային բաժնի հերթապահ բժիշկը։

Նրա խոսքով, հիվանդը, թեպետ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր բուժման պալատ, սակայն նրա վիճակը դեպի լավացում չի գնում։ «Նունե Աղաբեկյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ մյուս երկու վիրավորների առողջական վիճակը բավարար է գնահատվում»,- տեղեկացրեց բժիշկը։

Նշենք, որ Սեւան-Դիլիջան ավտոմայրուղու թունելում օգոստոսի 26-ին՝ ժամը 16-ի սահմաններում հրդեհվել էր «ԿՎԶ» մակնիշի ավտոբուսը:

Հրդեհի հետեւանքով 28-ամյա Քրիստինե Վանյանն ու 1-ամյա Սուրիկ Մկրտչյանը տեղում մահացել էին, իսկ վարորդը՝ 39-ամյա Գարիկ Մկրտչյանը, ուղեւորներ Կամո Շաբոյանն ու Նունե Աղաբեկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտահետազոտական կենտրոն: Նունե Աղաբեկյանը հիվանդանոց էր տեղափոխվել շնչուղիների այրվածքներով: Դրանց մակերեսը 53 եւ ավելի տոկոս էր կազմել:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի