Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 8-ին  կառավարությունում հանդիպել է կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցների հետ։ Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010 թ. սեպտեմբերի 6-ին  Երեւանում մեկնարկած երկօրյա համահայկական համաժողովն անցկացվում է  «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագրի ներքո։ Այն կազմակերպվել է  ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետին է ներկայացրել  համաժողովի աշխատանքների արդյունքները։ Նա տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցել են շուրջ 140 արվեստագետներ. 60-ը` 14 երկրից, մնացածը` Հայաստանից։ Սփյուռքի նախարարը զեկուցել է, որ ստեղծվել է կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն եւ վերջինիս գործունեությունը համակարգող մարմին, ինչպես նաեւ կազմակերպվել են չորս ցուցահանդեսներ։ Անդրադառնալով արվեստագետների կողմից բարձրացված հարցադրումներին` Հրանուշ Հակոբյանն առանձնացրել է միջազգային ասպարեզում հայ կերպարվեստի գործերի ներկայացումը եւ արվեստաբանների պատրաստումը։