ՀՀ կառավարությունը դեսպանատների քանակն ավելացնելու է եւս երկուսով՝ Նիդերլանդների թագավորությունում եւ Ճապոնիայում։
Համապատասխան որոշումը կառավարության կողմից կհաստատվի վաղը` սեպտեմբերի 9-ին, սակայն ֆինանսական միջոցների հատկացումը նախատեսվել էր դեռեւս 2010 թ. բյուջեի ընդունման ժամանակ:
Նիդերլանդներում 2010-ի դեսպանատան 6-ամսյա գործունեության համար հատկացվելու է 126 հազ. եվրո, իսկ Ճապոնիայում 5-ամսյա գործունեության համար՝ 385 հազ. դոլար։
Երկու դեսպանատներում էլ պետք է աշխատեն երկուական դիվանագետ եւ վարչատնտեսական անձնակազմի երկուական աշխատակից, սակայն Տոկիոյում շենքի վարձակալման հետ կապված ծախսերն անհամեմատ ավելի մեծ են։ Այսպես՝ Տոկիոյում ծառայողական շենքի վարձակալման համար պետք է վճարվի ամսական 8000 դոլար, իսկ դիվանագետների համար նախատեսված 2 բնակարանների համար՝ 6000 եւ 4000 դոլար։ Հաագայում դեսպանատան շենքի վարձակալման ամսական արժեքը 3000 եվրո է (մոտ 3800 դոլար), իսկ բնակարաններինը՝ 2000 եւ 1700 եվրո (համապատասխանաբար՝ 2530 եւ 2150 դոլար)։
Բացի այդ՝ Ճապոնիայում դեսպանատանը հատկացվել է լրացուցիչ 180 հազ. դոլար՝ մեքենայի ձեռքբերման եւ այլ ծախսերի համար, այնինչ Նիդերլանդներում դեսպանատանն այդ հոդվածով հատկացվել է ընդամենը 13 հազ. եվրո։





























