ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` սեպտեմբերի 8-ին ընդունել է Բելառուսի Վիտեբսկի մարզի պատվիրակությանը` մարզի գործկոմի նախագահի տեղակալ Օլեգ Մատկեւիչի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը, որի կազմում են նաեւ գործարարներ, եղել է Տավուշի մարզում, ծանոթացել մարզի արտադրական, զբոսաշրջային ներուժին: Հայ գործընկերների հետ քննարկվել են հետագա համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները:
Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս թե Բելառուսի, թե ԱՊՀ այլ երկրների հետ ապակենտրոնացված մակարդակով կապերի հաստատմանը, քանի որ մարզերում տնտեսական զարգացման մեծ ներուժ է կուտակված: Զարգացման մեծ հնարավորություններ ունեցող մարզերից է Տավուշը, եւ Ա. Գեւորգյանը վստահություն հայտնեց, որ Տավուշի եւ Վիտեբսկի միջեւ հետագա համագործակցությունը փոխշահավետ կլինի:
Օ. Մատկեւիչը այցը համարել է հագեցած եւ արդյունավետ` տեղեկացնելով, որ եղել են մարզի ձեռնարկություններում, նախանշվել են գործակցության ուղղությունները, արձանագրվել է, որ միմյանցից սովորելու շատ բան ունեն: Նշվել է, որ բացի առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումից, համագործակցության հնարավորություններ են տեսնում նաեւ հումանիտար ոլորտում, օրինակ` մարզերի բուհերի միջեւ:




























