Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում այս տարի 23 իրանցի դատապարտյալ է արտահանձնվել Իրանին, եւս 9-ի գործն ընթացքի մեջ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի հետ հանդիպման ժամանակ նշել է քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:

ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի Իսլամական Հանրապետության դատապարտված եւ կալանավորված անձանց պահման պայմանները:

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ ակնկալում է երկու պետությունների քրեակատարողական ծառայությունների առավել սերտ համագործակցությունը:

Քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը հայտնեց, որ առաջիկայում հրավեր կուղարկի հարեւան երկրի ծառայակիցներին` փորձի փոխանակման եւ էլ ավելի արդյունավետ համագործակցության նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: