Իրանցի 43-ամյա Սակինե Աշտիանիի մահապատիժը հետաձգվել է: Իրանական իշխանությունները որոշում են կայացրել վերանայել իրանական դատարանի կայացրած վճիռը, որով Աշտիանին դատապարտվել էր մահապատժի քարկոծման եղանակով՝ ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանությանը մեղսակից լինելու համար: Հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթին:

«Վճռի այն մասը, որ վերաբերում էր արտամուսնական կապին, դադարեցվել է եւ գտնվում է վերանայման փուլում»,- ասել է Մեհմանփարասթը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Սակինե Աշտիանին դատապարտվել է մահապատժի քարկոծման եղանակով` ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանությանը առնչություն ունենալու համար: Նրա փաստաբանները պնդում են, որ ցումունքները կորզվել են ճնշումների միջոցով: Երբ Սակինե Աշտիանիի պատմությունը հայտնի դարձավ արտերկրում, իրանական իշխանությունները որոշեցին հետաձգել մահապատժի իրականացումը: Առայժմ հայտնի չէ կրկնակի դատաքննության ժամկետը: