Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ
Դալի Բելգասմին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ ՀՀ կառավարության միջեւ ծավալված համագործակցության համար։
Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Միջին Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է ՊՀԾ-ի հանձնառությունը Հայաստանում տարրական դասարանների աշակերտների համար «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հարցում եւ ներկայացրել «Դպրոցական սնունդ» ծրագրի աշխատանքների ընթացքը։
Հոկտեմբերի 1-ին մեկնարկելիք ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում։ Անդրադարձ է արվել նաեւ ծրագրի ինքնահարատ շարունակականության ապահովման խնդիրներին։





























