Հայաստանում սկսվել է գիտական ինստիտուտների միավորման գործընթաց, որի նպատակը գիտությանը հատկացվող տարածքների եւ այլ ռեսուրսների խնայողությունն է։ Դրա վառ օրինակն է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, որը ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի գիտությունների ակադեմիայում։
Նոր գիտաարտադրական կենտրոնը կստեղծվի «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի եւ ՀՀ ԳԱԱ «Միկրոբիոլոգիայի եւ մանրէների ավանդադրման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության միաձուլման արդյունքում:
«Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» բաժնետիրական ընկերության տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Սաղյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գիտական այս կառույցների միավորումը ոչ միայն կհանգեցնի վարչական ծախսերի խնայողության, այլեւ հնարավորություն կտա ստացված գիտական արդյունքները հասունացնել արտադրության համար։
Ա. Սաղյանի խոսքով՝ խորհրդային տարիներին ստեղծված գիտական կառույցների 50 տոկոսն այսօր պարզապես չի օգտագործվում, իսկ նույն խնդիրներով զբաղվող կառույցների միավորման արդյունքում հնարավոր կլինի էապես բարձրացնել առկա ռեսուրսների արդյունավետությունը։
«Այս կառույցներն իրենց գործունեությամբ շատ մոտ են միմյանց, սակայն դրանցից մեկը կիրառական նշանակություն ունի, իսկ մյուսը՝ ակադեմիական հաստատություն է։ Դրանց միավորումը հնարավորություն կտա ակադեմիական հետազոտությունները հասցնել արտադրության»,- ասաց Ա. Սաղյանը։ Նրա խոսքով՝ նոր կենտրոնի շնորհիվ հնարավոր կլինի բժշկական, գյուղատնտեսական, սննդարդյունաբերական եւ այլ նյութերի արտադրություն կազմակերպել եւ ֆունդամենտալ գիտության արդյունքները հեշտությամբ հասցնել արտադրություն։
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը նախատեսում է սկսել առաջիկա երեք ամիսների ընթացքում։




























