Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանն առաջին տեղն է զբաղեցրել համալսարանների համաշխարհային վարկանիշում: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը:

Երկրորդ տեղում Հարվարդի համալսարանն է, երրորդում` Յելյան համալսարանը: Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակի առաջին 17 տեղերը զբաղեցնում են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի, ապա նաեւ Եվրոպայի, Կանադայի եւ Ավստրալիայի համալսարանները:

Վարկանիշային աղյուսակում ներառված են աշխարհի 200 համալսարաններ, որոնցից 15-ը ներկայացնում են Ասիական երկրները: Վերջիններիս շարքում առաջինը Հոնկոնգի համալսարանն է, որն ընդհանուր աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը:

Գերմանիայի եւ Նիդերլանդների համալսարանները, որոնք Եվրոպայում հայտնի են իրենց բարձր մակարդակով, չկան առաջին 50 հորիզոնականներում: Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը վարկանիշային աղյուսակի 93-րդ հորիզոնականում է:

Աղյուսակի հեղինակները կարծում են, որ բարձրագույն կրթության ասպարեզում գնալով ավելի առաջատար տեղ են զբաղեցնում Ֆինլանդիայի, Կանադայի եւ Ճապոնիայի համալսարանները:

Վարկանիշային աղյուսակը կազմելու համար հիմնական չափանիշներ են համարվել ակադեմիական վարկը, գործատուների կողմից պահանջվածությունը, ուսանողների ու դասախոսական կազմի հարաբերակցությունը, ինչպես նաեւ միջազգային մակարդակով նրանց մասին հիշատակումները: