Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին` Ռոշ ա Շանա տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես, ասվում է.
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա տոնի կապակցությամբ:
Այս օրերին դուք մտովի անդրադառնում եք ձեր հոգեւոր ժառանգությանը, ամփոփում ձեռքբերումներն ու խնդիրները եւ կազմում ապագայի ծրագրեր: Դուք` որպես հինավուրց ժողովրդի ներկայացուցիչներ, ձեր աշխատասիրությամբ ու տոկունությամբ, ստեղծելու ու ստեղծագործելու ձիրքով արժանիորեն հարգանք եւ ճանաչում եք վաստակել Հայաստանում:
Վստահ եմ, որ մեր երկրի հրեաները այսուհետ էլ իրենց ավանդը կունենան մեր հասարակության զարգացման գործում եւ կնպաստեն հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդմանը:
Ռոշ ա Շանա տոնի առիթով ձեզ եմ հղում իմ շնորհավորանքն ու բարեմաղթանքները:
Թո՛ղ լույսով, սիրով ու ջերմությամբ լցվեն ձեր օջախները:
Թո՛ղ գալիք նոր տարին լինի նոր ձեռքբերումների և հաստատուն առաջընթացի տարի»:





























