Ֆրանսիայի Սենատը սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել մահմեդական փարանջա կրելն արգելող օրինագծին: Օրինագծին կողմ է քվեարկել 335, դեմ` 1 պատգամավոր:

Նշենք, որ այս նախաձեռնությամբ, դեռեւս այս տարվա հունվարին հանդես էր եկել Ֆրանսիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը:

Արգելքը վերաբերում է, այսպես կոչված, «ամբողջական քողին»` իրանական փարանջային, արաբական նեկաբային եւ աֆղանական բուրկային, որոնք ամբողջությամբ փակում են դեմքը, միայն մի նեղ շերտ թողնելով աչքերի համար: Նախագծի հեղինակներն առաջարկում են օրենք ընդունել, որը հեռանկարում ընդհանրապես կարգելի կանանց փակ դեմքով հայտնվել հասարակական վայրերում: Ավելին, նրանք առաջարկել են Ֆրանսիայի պետական մարմիններին աշխատանքային վիզաներ, Ֆրանսիայում ապրելու իրավունք կամ քաղաքացիություն չտրամադրել փակ դեմքով կանանց, հաղորդում է DV-News-ը:

Օրենքը խախտողները ստիպված կլինեն 150 եվրո տուգանք վճարել: Բացի այդ, օրենքը 30 հազար եվրո տուգանք եւ 1 տարվա ազատազրկում է նախատեսում նրանց համար, ովքեր կստիպեն կանանց «ամբողջական քող» կրել: Իսկ եթե այդ ճնշումը գործադրվի անչափահասի նկատմամբ, ապա տուգանքի չափը կլինի 60 հազար եվրո: