Ադրբեջանի իշխանության վերահսկողության տակ չգտնվող որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել Լենքորան քաղաքում լարված իրավիճակի մասին, որն առաջացել է մի քանի հարյուր հավատացյալների եւ ոստիկանության դիմակայության պատճառով:
Բանը հասել է նրան, որ սեպտեմբերի 7-ին Լենքորանում հատուկ ուժեր են մտցվել, որոնք քաղաքի բնակիչների դեմ արցունքաբեր գազ են օգտագործել:
Սեպտեմբերի 3-ի գիշերը Գումբաշի գյուղում անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել եւ մզկիթի մոտ սպանել Էլշան Հուսեյնովին: Տվյալ գործով արդեն 9 մարդ է ձերբակալվել:
Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Սադիղ Ֆյոզալովը փորձել է հերքել ընդդիմադիր լրատվամիջոցների տեղեկությունները, սակայն իրականում ընդունել է լարվածության փաստը՝ պատմելով խուլիգանության մեջ մեղադրվող Գիսմեթ Իսաեւի ձերբակալության մասին: «Շրջանի մոտ երկու տասնյակ բնակիչներ հավաքվել են Լենքորանի կայարանամերձ հրապարակում, բայց չեն կարողացել բախում հրահրել, ոչ ոք չի տուժել: 14 մարդ ձերբակալվել է: 4-ին տուգանել են, մյուսների գործն ուղարկվել է դատարան»,- ասել է Գյոզալովը:





























