Ծովահենները սեպտեմբերի 8-ին Սոմալիի ափերի մոտ զավթել են առեւտրային MV OLIB G նավը, որ նավարկում էր Մալթայի դրոշի ներքո: Նավի անձնակազմը երեք թուրքեր եւ 15 վրացիներ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարձակումն իրականացվել է վաղ առավոտյան, Ադենի ծոցի արեւելյան ափին: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այն նավարկում էր արեւմտյան ուղղությամբ եւ գտնվում էր քաղաքացիական նավերի համար նախատեսված միջանցքում:
Ծովահենների մոտենալու մասին տեղեկությունից հետո, կապը նավի հետ կտրվել է:
Կապը վերականգնելու մի քանի փորձ է արվել, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել: Երբ դեպքի վայր է ուղարկվել ուղղաթիռը, դրա անձնակազմը նավի վրա երկու ծովահենների է տեսել:





























