Science ամսագիրը հայտնել է, թե գիտական այդ պարբերականի ընթերցողների վարկածով որոնք են անցնող 2015 թվականի ամենակարեւոր իրադարձությունները: Քվեարկության միջոցով ընթերցողներն ընտրել են իրենց կարծիքով 5 ամենակարեւոր գիտական աշխատանքները:
Այսպես, առաջին տեղում հայտնվել է «Նոր հորիզոններ» զոնդը, որը Պլուտոնին է մոտեցել մինչեւ նվազագույն` 12 504 կմ հեռավորություն (ձայների 35 տոկոսը), տեղեկացնում է Informing-ը:
Ընթերցողները երկրորդ տեղում դրել են CRISPR/Cas9 մեթոդը, որը հնարավորություն է տալիս խմբագրել կենդանի օրգանիզմի գենը` փնտրելով եւ փոխարինելով վնասված հատվածները: Չնայած պարբերականը այս տեխնոլոգիան առանձնացրել էր որպես լավագույնը եւ առաջին տեղ էր բարձրացրել, ընթերցողները որոշել են, որ այն 2012-ին եւ 2013-ին արդեն երկու անգամ եղել է ամենակարեւոր գիտական նվաճումների ցուցակում: Երկրորդ տեղի օգտին քվեարկել է ընթերցողների 20 տոկոսը:
Երրորդ տեղում հայտնվել է այն գիտական հայտնագործությունը, որի համաձայն հայտնի է դարձել, որ գլուղեղում առկա է լիմֆատիկ համակարգ, որը, ինչպես պարզվել է, թաքնված է ուղեղի թաղանթում (ձայների 15 տոկոս):
2015-ի գիտական նվաճումների վարկանիշի չորրորդ տեղում Էբոլա տենդի դեմ պատվաստանյութն է, որը մշակվել է Կանադայում եւ արդեն հասցրել է բավականին հաջող արդյունքներ ցույց տալ կապիկների վրա կլինիկական փորձարկումների ընթացքում (ձայների 10 տոկոս):
Հինգերորդ տեղը կիսել են «քվանտային խառնաշփոթ» անունով երեւույթի առկայության վերաբերյալ տեսությունը եւ Բրայան Նոզեկի նախագծի թողարկումը, որը ստուգում է գիտական հետազոտությունների արդյունքների վերարտադրելիությունը: Տվյալ գիտական նվաճումները ձայների 6 տոկոսն են ստացել:




























