Beeline-ը հայտարարում է CTV ընկերության հետ համագործակության մեկնարկի մասին: Համագործակցության շրջանակում Beeline-ի բոլոր բաժանորդները, ովքեր ունեն ինտերնետ մուտքի հնարավորություն, կկարողանան դիտել թվային IP-հեռուստատեսություն ցանկացած վայրում եւ ցանկացած սարքավորման միջոցով:

CTV ծառայությունն առաջարկում է 82 պահանջված հեռուստաալիք Catch UP (անցած հեռուստահաղորդումների դիտում եթերից հետո 48 ժամի ընթացքում), Restart (ցանկացած հեռուստահաղորդման վերանայում) եւ այլ տարածված գործառույթների հնարավորությամբ: Beeline բաժանորդները հնարավորություն կունենան դիտել CTV-ի IP-հեռուստատեսություն ցանկացած հեռուստացույցից, ինչպես նաեւ Android եւ iOS համակարգերով աշխատող սմարթֆոններից եւ պլանշետներից: Ծառայության աշխատանքի համար բավական է 512 Կբ/վրկ արագությամբ ինտերնետ հեռախոսների դեպքում եւ 1 Մբ/վրկ` հեռուստացույցների դեպքում:

«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ CTV ընկերության հետ համագործակցության շնորհիվ բարձրորակ թվային հեռուստատեսությունը հասանելի է դարձել լայնաշերտ ինտերնետի մեր բոլոր բաժանորդներին ամբողջ երկրում: Կցանկանայի հատկապես ընդգծել այն փաստը, որ մեր նոր համատեղ արտադրանքն ինտերնետի մեծ արագություն չի պահանջում, ինչը հասանելի գների հետ միասին այս առաջարկը դարձնում է գրավիչ, պարզ եւ հարմար եւ հնարավորություն է ընձեռում ստանալ լիարժեք IP-հեռուստատեսություն ամենուր, որտեղ հասանելի է մեր ընկերության լայնաշերտ ինտերնետը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

«Beeline եւ CTV ընկերությունների համագործակցությունը կնպաստի Հայաստանի ամբողջ տարածքում բարձր որակով եւ ժամանակակից լուծումներով ինտերակտիվ հեռուստատեսային ծառայության մատուցմանը: Մենք հնարավորություն ենք տալիս դիտելու լավագույն հեռուստաալիքները ցանկացած վայրում, ցանկացած սարքով` սմարթֆոն,  պլանշետ, Smart TV կամ սովորական հեռուստացույց:  Ծառայության մեկ բաժանորդագրությամբ կարելի է դիտել միաժամանակ 3 սարքով, այսինքն՝ ընտանիքում յուրաքանչյուրը կարող է դիտել իր նախընտրած հաղորդումը: Վստահ ենք` ծառայությունը մեծ հետաքրքրություն կունենա  Beeline ընկերության բաժանորդների շրջանում: Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի մեր բաժանորդներին հասանելի լինի բարձր որակով հեռուստատեսային ծառայություն», - նշեց CTV ընկերության տնօրեն Շանթ Քարամյանը:

Թվային IP-հեռուստատեսության ծառայությունների փաթեթի արժեքը, որը ներառում է 60 հեռուստաալիք, սկսվում է 3800 դրամ ամսավճարից, իսկ 8 HD հեռուստաալիքով, միաժամանակ երեք սարքավորումներով հեռուստաալիքները դիտելու հնարավորությամբ եւ 82 հեռուստաալիք ներառող փաթեթի արժեքը կազմում է ամսական 4800 դրամ։ Ծառայությունների փաթեթները ներառում են ամենապահանջված եւ բարձր վարկանիշ ունեցող հեռուստաալիքները:

Beeline բաժանորդների համար CTV ծառայությունները հասանելի կդառնան 2015 թ. դեկտեմբերի 22-ից: