Լուսանկարների խմբագրման եւ տարածման հայկական PicsArt բջջային հավելվածը Forbes-¬ի կողմից կազմված «2015 թվականի ամենաթեժ «սթարթափ»-¬երի շարքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Այս մասին հաղորդում է Forbes-ը: 

Ըստ կայքի, հայկական արտադրության բջջային հավելվածը գնահատել է 250 մլն դոլար:

Ցանկում առաջին տեղը զբաղեցրել է տվյալների վերլուծության Uptake Technologies սթարթափը, որի արժեքը կազմում է 1,1 մլրդ դոլար: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են հաղորդակցության գործիք ծառայող Slack սթարթափն ու Porch տնային ծառայությունների ցանցը, որոնց արժեքն, ըստ Forbes-ի, գնահատվել է 2,8 մլրդ դոլար եւ 500 մլն դոլար:

Նշենք, որ PicsArt-ը նկարների խմբագրման եւ նկարելու հնարավորություն ընձեռող անվճար եւ լիարժեք հնարավորություններով օժտված բջջային հավելված է՝ ստեղծված Android, iOS եւ Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար: Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Քալիֆորնիա նահանգի Մաունթեն Վյու քաղաքում: PicsArt-ը հարում է ավելի քան 10 միլիոն նկարիչ-օգտատեր ունեցող արվեստի ամենախոշոր սոցիալական կայքի բջջային տարբերակին՝ թույլ տալով օգտատերերին աշխարհի տարբեր անկյուններից կապ հաստատել եւ ոգեշնչել միմյանց: PicsArt բջջային հավելվածը ներբեռնվել է ավելի քան 110 միլիոն անգամ եւ շարունակում է ընդլայնել եւ բարելավել իր կիրառության շրջանակը՝ յուրաքանչյուրի համար իր ստեղծագործ մտքին ազատություն տալու եւ նկարիչ դառնալու հնարավորություն ստեղծելով: