ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվող «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի շուրջ մեր հարեւան երկրում ծավալվող քաղաքական շահարկումները դառնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի հիմնական թեման՝ աստիճանաբար ստվերելով Ադրբեջանի կազմակերպած վերջին սադրանքներին քաղաքական գնահատական տալու հարցը։ Նման եզրահանգման է եկել «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը: Ըստ այդմ`իրադարձությունների նմանօրինակ զարգացումը ձեռնտու է ադրբեջանական կողմին, որը Մինսկի խմբի համանախագահների Բաքվում գտնվելու ընթացքում նրանց ուղղակի «ռմբակոծել է» ազատագրված տարածքների ժողովրդագրական վիճակի վերաբերյալ հարցերով ու պահանջներով։ «Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը ցանկանում է մի կողմ դնել բանակցային ողջ գործընթացը եւ ամեն ինչ հանգեցնել փախստականների ու հարկադիր տեղահանվածների խնդրին։ Ընդ որում՝ որպես այս խնդրի լուծման նախապայման նրանք պահանջում են, որ միջազգային հանրությունը համապատասխան ճնշում գործադրի Հայաստանի ու ԼՂՀ-ի վրա։ Այս առումով առանձնակի ակտիվություն է դրսեւորել, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարությունը, որը բողոքել է համանախագահներին ոչ միայն ԼՂՀ շուրջ, այլեւ անգամ Շուշիում ու Ստեփանակերտում ծավալվող ակտիվ շինարարության դեմ։ Ավելին՝ «համարձակություն» ձեռք բերած ադրբեջանցիները ցանկություն են հայտնել միանալու համանախագահներին՝ տեղում պարզելու իրենց բողոքները։ Հարց է առաջանում` այդ որտեղի՞ց են Ադրբեջանում որոշել, թե մոտ ապագայում իրենց թույլատրվելու է վերադառնալ Շուշի կամ Ստեփանակերտ, որ դեռ բողոքում են այնտեղ ծավալվող շինարարության դեմ։ Դատելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում տիրող իրավիճակից, նման եզրակացության համար որեւէ լուրջ հիմք գոյություն չունի։ Ավելին՝ անգամ Գլխավոր ասամբլեայում քննարկվող բանաձեւը նման մեխանիզմներ չի նախատեսում»,-նկատում է «Հայոց աշխարհ»-ը։