Արեւմտյան Վրաստանում հայտնաբերել են դինոզավրերի հետքեր եւ մնացորդներ՝ ոսկրային կտորների տեսքով: Մարտվիլի շրջանում գործնական պարապմունքների ընթացքում երկրաբան-ուսանողները տարօրինակ եւ մեծ ոսկրային ֆրագմենտներ են հայտնաբերել եւ այդ մասին հայտնել պալեոնթոլոգներին:

Վերջիններս երկար հետազոտությունից հետո, եկել են եզրակացության, որ գտածոյի տարիքը կազմում է տասնյակ միլիոնավոր տարիներ, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Գիտնականները պարզել են, որ կմախքի կտորները պատկանում են մոտ 110 մլն տարի առաջ ապրած դինոզավրին: «Այն ժամանակ այստեղ ցամաք չի եղել: Տարածքը ծածկված է եղել ջրի, ամենայն հավանականությամբ՝ օվկիանոսի շերտով»,- կարծում է պալեոնթոլոգ Ամիրան Գիմաշվիլին. «Ուստի կարելի է ասել, որ խոսքը գնում է ծովային գիշատիչ դինոզավրի մասին»:

Գիտնականները հայտնաբերել են նաեւ խոտակեր մեմոզավրի հետքեր: