Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչել պահանջող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Ամանորը կդիմավորի Երեւանի ազատության հրապարակում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ավարտին եւ երթից առաջ հայտարարեցին հանրահավաքի կազմակերպիչները:

Առաջիկա 2 օրերին՝ դեկտեմբերի 19-ին եւ 20-ին, «Նոր Հայաստանը» կշարունակի մարզերում քաղաքացիական ժողովները, կլինեն Աբովյանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Ապարանում, Իջեւանում, Սպիտակում, Վանաձորում եւ Գյումրիում:

Զուգահեռաբար առաջիկա 3 օրերին ժամը 17:00-ին քննարկում-ասուլիսներ կլինեն Երեւանի Ազատության հրապարակում, իսկ դեկտեմբերի 22-ին կլինի այս տարվա վերջին հավաքը Ազատության հրապարակում, որի ընթացքում կամփոփվեն քաղաքացիական ժողովների առաջին փուլի արդյունքները, քաղխորհրդի անդամները կպատասխանեն քաղաքացիների հարցերին: Քաղաքացիական ժողովների 2-րդ փուլը կմեկնարկի հունվարի 22-ին, բացի դրանից հունվարի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է  դահլիճային հավաք հասարակական, քաղաքական գործիչների հետ:

Այսօրվա երթը կանցնի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով եւ ավանդույթի համաձայն կավարտվի Ազատության հրապարակում: Երթը հսկում են ոստիկանները`  Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի եւ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ։

Նշենք, որ  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Երեւանի Ազատության հրապարակում ամենօրյա նստացույցերով եւ Երեւանում ու մարզերում պարբերական հանրահավաքներով պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները: