Սերբիան սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության է ներկայացնելու Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ բանաձեւ: Ինչպես հայտնել է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը, այդ փաստաթղթի բովանդակության հետ ծանոթացել են Եվրամիության բոլոր երկրները, որոնցից 22-ը ճանաչել են Կոսովոն, իսկ 5-ը չեն ճանաչել: Բոլոր 27 երկրներն էլ հավանություն են տվել բանաձեւին եւ մտադիր են կողմ քվեարկել դրան:
Սերբական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի համաձայն՝ բանաձեւի նախագիծը կոչ է անում կոսովյան խնդիրը լուծել խաղաղ երկխոսության միջոցով: Բանաձեւում ընդգծվում է, որ «Սերբիան երբեք եւ որեւէ կերպ չի ճանաչի իր հարավային նահանգի անկախությունը», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Եթե նախագիծը հավանության արժանանա Գլխավոր Ասամբլեայում, այդկերպ, ըստ փորձագետների, «կդրվի Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ հարաբերությունների զարգացման հիմքը»:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, Կոսովոյի ալբանական իշխանությունները 2008թ. փետրվարի 17-ին միակողմանի կարգով անկախություն են հռչակել: Կոսովոյի բնակչության 95 տոկոսը ալբանացիներ են:





























