Համատարած կոմպյուտերիզացիայի պայմաններում Հայաստանի ԱԱԾ-ի գործունեության առաջնահերթություններից է դարձել պետական ապարատի տեղեկատվական համակարգերի անխափան գործունեության ապահովումը չարտոնված ներթափանցումներից, կամ, ինչպես ընդունված է ասել, հաքերային հարձակումներից: Այդ մասին դեկտեմբերի 18-ին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։
«Արդեն սովորական է դարձել, որ արձանագրված հարձակումների զգալի մասը կատարվում է Ադրբեջանի, իսկ որոշ մասը` Թուրքիայի տարածքից: Մենք պատրաստ էինք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վտանգներն ու սպառնալիքները կտրուկ աճելու են»,- ասել է Գորիկ Հակոբյանը:
Նրա խոսքով, ի պատիվ Կառավարական կապի եւ տեղեկատվության վարչության, ինչպես նաեւ Հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների, պետք է նշել, որ միջազգային պահանջներին համապատասխան կատարվող համալիր միջոցառումների արդյունքում համացանցային տիրույթում ոչ մի վնասակար գործողություն իր նպատակին չհասավ, իսկ ընթացիկ տարում խափանվեց ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն հաքերային հարձակում, որից շուրջ 500 հազարը` Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակահատվածում, կանխվեց պետական մարմինների համացանցային համակարգ վիրուսային, վնասաբեր ծրագրերի ներդրման մոտ 115 փորձ:
«Այս տարի եւս պարզաբանվել են ադրբեջանական տարբեր կառույցների պատվերով այլ երկրների տարածքներից կատարված հարձակումները: Սակայն, դրանք նույնպես նպատակին չեն հասել, եւ անվտանգության մարմինների պաշտպանության տիրույթում գտնվող ոչ մի կայք չի կոտրվել, բացառվել է տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը:
Մենք հուսով ենք, որ անվտանգության հարցերով միջազգային կառույցներում ակտիվ ներգրավվածությունը այսուհետ եւս նպաստելու է տեղեկատվական տեխնոլոգիաների, անդրսահմանային եւ գլոբալ բնույթ կրող այլ հանցատեսակների դեմ արդյունավետ պայքարի մեր հնարավորությունների ընդլայնմանը»,- ընդգծել է ԱԱԾ տնօրենը:




























