Իրանին են վերադարձրել ավելի քան 40 տարի առաջ պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ում  կալանքի տակ վերցված 14 կտավները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Press TV հեռուստաալիքը:

Խոսքը 14 նկարների մասին է, որոնց հեղինակներն են ճարտարապետներ Մայքլ Գրեյվսը եւ Ռոբերտ Սթերնը, նշել են Իրանի նախագահի աշխատակազմի միջազգային իրավունքի կենտրոնից:

Նկարները 1978թ. գնել էր Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը: Դրանց վերադարձի մասին դատական որոշումը կայացվել էր 2 տարի առաջ: Դատական գործը քննում էր Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ 1981թ. Ալժիրի համաձայնագրով ստեղծված տրիբունալը: Հաագայում գտնվող  այս դատական մարմինը զբաղվում է դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո արգելափակված ակտիվների որոնմամբ, առգրավմամբ եւ դրանց վերադարձով:

Իրանական եւ ամերիկյան կողմը հրաժարվում են նշել նկարների ընդհանուր արժեքը: