Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ նահանգային ընտրական հանձնաժողովներում շաբաթ օրը սկսվել է երկրի մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորության թեկնածուների գրանցումը, որը վեց օր կտեւի: Ընտրությունները պիտի տեղի ունենան փետրվարի 26-ին: Միպալատանի խորհրդարանի 290 պատգամավորին կընտրեն ուղիղ քվեարկությամբ` չորս տարի ժամկետով:
Գրանցված հավակնորդները ստիպված կլինեն որակավորման հավաստագրում անցնել ԻԻՀ-ի օրենսդիր մարմնի պատգամավորին առաջադրվող պահանջներին համապատասխանության առումով: Հավաստագրումը, որը եւս սկսվել է երեքշաբթի եւ տասն օր կտեւի, անցկացնում է Դիտորդական խորհուրդը, որը եւս Իսլամական Հանրապետության կառավարող եւ վերահսկիչ մարմիններից է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ընտրությանը մասնակցելու թույլտվություն ստացածների վերջնական ցուցակները կհրապարակվեն փետրվարի 16-ին: Դրանից հետո միայն հավաստագրումն անցած թեկնածուները կկարողանան վեցօրյա նախընտրական արշավի ընթացքում բացահայտորեն պայքարել երկրի օրենսդիր մարմնում ապագա տեղերի համար: Քարոզարշավը կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ:
Մեջլիսի ընտրությունների վերաբերյալ օրենքի համաձայն, իրանական խորհրդարանի պատգամավորության թեկնածուներն իրավունք չունեն մի շարք պետական պաշտոններ զբաղեցնել: Ընդ որում պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի բարձր պաշտոնների ցուցակը բավականին երկար է: Այն իր մեջ ներառում է Իրանի Հանրապետության նախագահի, նրա տեղակալների, օգնականների, նախարարների եւ նախարարությունների վարչության պետերի պաշտոնները, ինչպես նաւե Ընդունվող որոշումների նպատակահարմարությունը որոշող խորհրդի` երկրի հիմնական կառավարող օրգաններից մեկի ղեկավարների, երկրի իրավական ամբողջ թեւի ղեկավարների, քաղաքների քաղաքապետերի, նահանգների նահանգապետերի, պետական ընկերությունների, բանկերի եւ հիմնադրամների ղեկավարների, ինչպես նաեւ բոլոր զինծառայողների եւ ԻԻՀ-ում հետախուզական գործառույթներ իրականացնող տեղեկատվության նախարարության աշխատակիցների պաշտոններ: Մեջլիսի ընտրությունների մասին օրենքով թեկնածուներին թույլ չի տրվում նաեւ այնպիսի պաշտոններ զբաղեցնել, ինչպես Թեհրանում ուրբաթ օրվա նամազի (աղոթքի) իմամի պաշտոնը:
Մեջլիսի ընտրությունները տեղի կունենան նույն օրը, ինչ Փորձագետների խորհրդինը, որը ԻԻՀ-ի կառավարման հիմնական մարմինն է եւ որի կազմից ընտրվում է Իրանի ցմահ ղեկավարը եւ հոգեւոր առաջնորդը: Խորհրդի հինգերորդ գումարումը կազմված կլինի 88 աստվածաբանից եւ մահմեդական իրավագետից, որոնք ընտրվում են քաղաքացիների ուղիղ ընտրությամբ` ութ տարի ժամկետով:



























