Դեկտեմբերի վերջին կամ 2016-ի հունվարի սկզբին տենդեր կհայտարարվի Հյուսիս-Հարավ  մայրուղու նոր հատվածի շինարարության համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Արթուր Առաքելյանը:   

Տենդերը կհայտարարվի իրանական սահմանի ամենահարավային կետից մինչեւ Քաջարան քաղաք հասնելու համար:  20,5 կմ երկարությամբ հատվածը նախագծի  4-րդ տրանշի շրջանակում կկառուցվի Զարգացման եվրասիական բանկի  150 մլն դոլար վարկի միջոցով:

Այս հատվածում թունելային կառույց է նախատեսված: Ինչպես պարզաբանել է Առաքելյանը, խոսքն այստեղ լանջերում փակ անցումների մասին է (տաղավարներ):  «Թունելը նախատեսված կլինի արդեն Քաջարանի մոտ, բայց այլ տրանշի շրջանակում», - հավելել է նա:

Նախարարությունը չի հրաժարվում ճանապարհի որոշ հատվածներ վճարովի դարձնելու գաղափարից (այդ թվում թունելները եւ կամուրջը): Մասնավոր ներդրողներին առաջարկվում է ներդրումներ անել բարդ ենթակառուցվածքների մեջ եւ դրանք շահագործել վճարովի հիմունքներով: Միակ պարտադիր պայմանն այն է, որ պահպանվի, թեկուզեւ ավելի երկար եւ բարդ, բայց անվճար այլընտրանքային ճանապարհը:

«Հյուսիս-Հարավ» բետոնե մայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման ճանապարհը՝ ներկայիս 556-ից հասցնելով 495 կմ-ի: Շինարարության ընդհանուր արժեքը շուրջ 960 մլն դոլար է: Նախագծի հիմնական դոնորն Ասիական զարգացման բանկն է (շուրջ 500 մլն դոլար):