Հայաստանում մի քանի շաբաթ է՝ անձրեւներ չեն տեղում, ինչը, հնարավոր է՝ երաշտի պատճառ դառնա։ Թեեւ գյուղատնտեսական կուլտուրաների մեծ մասի բերքահավաքն ավարտվել է՝ չորային կլիման կարող է խանգարել աշնանացանին։ Սպասվում է նաեւ, որ հացահատիկի բերքն այս տարի զգալիորեն նվազ կլինի նախորդ տարվանից։

Կառավարությունն այսօր որոշեց Սեւանից լրացուցիչ 24 մլն խմ ջուր բաց թողնել՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները եւ աշնանացանի կանխատեսումները։ Այսպիսով՝ Սեւանից ընդհանուր առմամբ ոռոգման նպատակներով բաց կթողնվի 168,9 մլն խմ ջուր։

Հերթական գերակա շահը՝ հանուն ստորգետնյա ավտոկայանատեղիի

Կառավարությունն այսօր գերակա շահ ճանաչեց Նալբանդյան, Թումանյան, Ավագ Պետրոսյան (Մետաղագործների) փողոցներով եւ Սայաթ-Նովա պողոտայով պարփակված, բազմաբնակարան բնակելի շենքերով շրջապատված բակային տարածքի նկատմամբ։ Հարցը կառավարության նիստում ներկայացրեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որն էլ վարչապետի դիտողությանն ի պատասխան խոստացավ, որ ոչ մի բնակիչ չի տուժի։

Գերակա շահի մասին որոշման անհրաժեշտությունը քաղաքապետարանը բացատրում է հետեւյալ կերպ. Նալբանդյան փողոց հ. 106/1 հասցեով մանկապարտեզի շենքը եւ հարակից հողամասն արդեն իսկ վաճառված են «Ավագ Շին» ընկերությանն՝ ուղղակի վաճառքի ձեւով։ Սակայն հարակից բակը ծանրաբեռնված է տարերայնորեն տեղադրված մետաղական ու քարե ավտոտնակներով, ինչպես նաեւ տարբեր տեսակի խարխուլ բնակելի եւ այլ շինություններով: Այդ տարածքում պետք է կառուցվի ստորգետնյա ավտոկայանատեղի, սակայն քաղաքապետարանը խոստանում է նաեւ «Ավագ Շին»-ի միջոցներով բարեկարգել ու կանաչապատել բակը։