Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում 2015.թ-ի ընթացքում հայտնաբերվել են նոր տիրույթներ, որտեղ աստղերը երիտասարդ են կամ նոր են առաջանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը՝ ամփոփելով նախորդ տարվա կատարած աշխատանքը:
«Մեր աստղադիտարանում կատարվել են հետազոտություններ աստղառաջացման նոր տիրույթների հայտնաբերման ուղղությամբ, այսինքն այն տեղերը, որտեղ աստղերը դեռ շատ երիտասարդ են կամ նոր են առաջանում: Այս աստղերից մեծ քանակությամբ շիթեր են առաջանում, որը շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ է գնում զարգացումը: Զարգացման ճանապարհը հասկանալու համար մենք նաեւ անկայուն աստղերն են ուսումնասիրել, որոնք բռնկվում են, փոփոխվում են»,- ասաց Հայկ Հարությունյանը:
Աստղադիտարանի կարեւորագույն ձեռքբերումը, ըստ Հարությունյանի, երկու մեծ դիտակների վերանորոգումն ու արդիականացումն է, որովհետեւ երկար տարիներ ցանկություն կար՝ դրանք վերաշահագործելու, սակայն ֆինանսական միջոցները չէին հերիքում:
«Նախորդ տարի Բյուրականի աստղադիտարանում բացվեց նաեւ Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի գրասենյակը, ինչը կարեւոր է աստղադիտարանի միջազգային ճանաչման համար: Այս պահին կենտրոնին միացել են Իրանը, Հայաստանը, Վրաստանը: Պատմության մեջ առաջին անգամ մենք բանակցություններ ենք սկսել եվրոպական աստղադիտարանների հետ՝ միավորվելու կամ նրանց հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար»,- նշեց Հայկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է այցելուներին, նախորդ տարում ավելի քան 70 գիտնական է այցելել աստղադիտարան՝ գիտաժողովների մասնակցելու կամ այնտեղից ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
«Այցելուների թիվն էլ մի քանի հազարի է հասնում: Մարդիկ խմբերով գալիս են փոքր դիտակից դիտումներ անելու համար»,- հավելեց աստղադիտարանի տնօրենը:




























