Կառավարությունն իր սեպտեմբերի 9-ի նիստում վերաբաշխում կատարեց 2010 թ. պետական բյուջեում՝ 3,2 մլրդ դրամ հատկացնելով թոշակների բարձրացմանը՝ որպես գազի գնի թանկացման փոխհատուցում։ Թոշակների ավելացումը նախատեսվում է կատարել նոյեմբերի 1-ից։ Մինչ այդ մայիսի 1-ից, նույն պատճառաբանությամբ, բարձրացվել էին աղքատության նպաստները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով այսօր հայտարարեց, որ արդեն իսկ 104 հազ. ընտանիք օգտվում է կառավարության առատաձեռնությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից գազի սակագնի մոտ 40 տոկոս բարձրացման սոցիալական հետեւանքները մեղմելու նպատակով կառավարությունը մարտի 25-ին որոշեց ընտանեկան նպաստի բազային չափերը եւ  հիմնական կենսաթոշակի չափը ավելացնել 2,5 հազ. դրամով (մոտ 6,7 դոլար)` սահմանելով համապատասխանաբար 12,5 հազ. (մոտ 34 դոլար) և 10,5 հազ. դրամ (մոտ 28 դոլար)։ Սակայն փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկում գազի թանկացման սոցիալական հետեւանքները մեղմելու համար։