Էլեկտրոնիկայի ճապոնական արտադրող Toshiba Corp.-ը, որը ֆինանսական հաշվետվության հետ կապված խոշոր սկանդալի միջով էր անցել, երկրի ներսում եւ արտասահմանում իր ձեռնարկությունների 7 800 աշխատակցի կկրճատի:
Ինչպես տեղեկացրել են ընկերությունում, աշխատակիցները այսպես կոչված կամավոր հիման վրա կհեռացվեն այն ոլորտներից, որոնք կապված են կենցաղային տեխնիկայի, հեռուստացույցների եւ անհատական համակարգիչների արտադրության հետ: Ընդ որում նրանցից հազարը գլխամասի աշխատակիցներ են: Ընկերությունը վերակազմավորման նման միջոցներ է ձեռք առնում անշահութաբեր ստորաբաժանումները վերացնելու նպատակով:
Toshiba-ի ղեկավարությունը նաեւ մտադիր է մոտ ժամանակներս փակել եւ վաճառել համակարգիչների եւ հեռուստացույցների նախագծման կենտրոններից մեկը, որը գտնվում է Տոկիոյում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Էլեկտրոնիկայի ճապոնացի արտադրողը ֆինանսական բարդ վիճակում է: Ընկերության կանխատեսումներով, 2015-ի ֆինանսական տարում (ավարտվում է 2016-ի մարտին) նրա մաքուր վնասը կկազմի 550 մլրդ իեն (4,53 մլրդ դոլար):



























