Մայր Աթոռ սւորբ Էջմիածնում, դեկտեմբերի 20-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ կատարվել է հոգեհանգիստ՝ վերջին շրջանում զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ իր քարոզում Հայր Զաքարիան անդրադարձավ քրիստոնյայի կյանքում աղոթքի կարեւորությանը եւ նշանակությանը:

«Աղոթքը քրիստոնյայի կյանքում ամենասրբազան պահն է, երբ ի խորոց սրտի զրուցում ենք Աստծու հետ` հայցելով Նրա անբավ ողորմությունն ու օգնականությունը մեզ համար: Այսօր առավել քան երբեւէ կարիքն ունենք միասնական աղոթքի հատկապես մեր հայրենիքի անսասանության եւ հայոց բանակի բոլոր մարտիկների խաղաղ եւ ապահով ծառայության համար, քանզի կրկին անհանգիստ են հայոց աշխարհի սահմանները: Ցավոք, ունենք նաեւ զոհեր մեր խիզախ եւ նվիրյալ մարտիկների շարքերում, ովքեր ընկան մարտի դաշտում հանուն հայրենիքի եւ մեր վաղվա օրվա:

Ուստի, խնդրանքս է, որ ձեր աղոթքներում անպայման հիշեք եւ աղոթեք նրանց հոգիների հանգստության համար` Տիրոջից հայցելով բազկի զորություն, ուժ եւ կորով հայոց բանակի ամեն զինվորի եւ հրամանատարի համար», – նշել է Զաքարիա վարդապետը: